Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից ստացել եմ հանձնարարական՝ ղեկավարել ՀՀԿ շտաբի աշխատանքները Երևանի ավագանու ընտրություններում»՝ ասել է Էդուարդ Շարմազանովը։ Նա հույս հայտնեց, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս շտաբը շատ միասնական կաշխատի ու երևանցիները կընտրեն ճիշտ թեկնածուին։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի թեկնածուի՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի շանսերը և ինչպե՞ս են օգնելու, որ իրենց թեկնածուն հաղթանակ տանի, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մենք առաջին անգամ չէ, որ աշխատում ենք, նախորդ ընտրությունների ժամանակ էլ եմ ես եղել շտաբի պետը, և գրեթե շտաբի ողջ թիմը չի փոխվել, շտաբի քարոզչության պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում ընդգրկված են Ռուբեն Թադևոսյանը, Հերմինե Նաղդալյանը, Արայիկ Քոթանջյանը, Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, այսինքն՝ այն թիմը, որը եղել է չորս տարի առաջ ու հաղթել է»,- ասաց նա։ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ չի ուզում առաջ ընկնել, բայց ընդգծեց՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ առաջատարը ՀՀԿ-ն է։ «Այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևան համայնքում իրականացվել են շատ-շատ աշխատանքներ և մենք պետք է հնարավորություն տանք Տարոն Մարգարյանին իր թիմով շարունակել բարեփոխումները»,- ընդգծեց Է. Շարմազանովը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: