Քաղաքը փոփոխությունների կարիք ունի և դա հնարավոր կլինի, եթե երևանցին ճիշտ ընտրություն կատարի՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն երկու ընդդիմադիր ուժ։
«Ես վստահ եմ, որ մենք ռեալ շանս ունենք հաղթելու Երևանում։ Խորհրդարանական ընտրություններով ևս մեկ անգամ ապացուցեցինք՝ եթե ընտրողը գնում և քվեարկում է, մենք այդ ձայները 99 տոկոսով կարողանում ենք պահել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ շատ ուժեր հրաժարվեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, «Ելք» դաշինքի անդամները նշեցին, որ «հավանաբար շատ ուժեր չեն մասնակցում, քանի որ նրանց հենքը փողն է»։
«Մենք մասնակցել ենք ընտրություններին ու ոչ մի ձայն չենք գնել։ Հիմա նրանք համարում են անիմաստ այս ընտրություններին մասնակցելը։ Այս անգամ չենք տեսնում տարբեր չակերտավոր ընդդիմադիր ուժեր, կամ ուժեր, որոնք իրենց սպառել են։ Չկան պսևդոայլընտրանքները, ընդդիմությունները, որոնք չեն կողմնորոշվում իրենց ներսում։ Այսօր ունենք ուժեղ ընդդիմադիր ուժ, այդ պատճառով էլ ասում եմ՝ ռեալ շանս կա»,- ասաց Ալեն Սիմոնյանը։