Խորհրդարանի աշխատանքներն աստիճանաբար ավելի պարզ ու շիտակ են դառնում, ինչի ապացույցն են ընտրություններն ու դրան հաջորդած միջադեպերը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Պատկերացրեք՝ տասը տարի առաջ ինչքան քաղաքական ուժեր էին ոտքի կանգնել ու ուզում էին գային խորհրդարան, ինչքան դժվար էր, ինչքան պայքարն ուրիշ էր, ինչքան մոմենտներ կային, որ անհասկանալի էին և մեզ, և ժողովրդին, այնպես որ գնալով պայմանները բարելավվում են»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ պատկերացնո՞ւմ է իրեն նոր խորհրդարանի կազմում, Գալուստ Սահակյանն ասաց. «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այս մրցակցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա, բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ: Ցանկացած հայ, որը 3-րդ, 4-րդ կամ 5-րդ դասարան է գնացել, մի քիչ եթե խորանաք, բոլորը ուզում են թագավոր դառնալ և նախագահ»:
Նա նշեց, որ կուսակցությունը դեռևս չի քննարկել ԱԺ նախագահի հարցը:
«Երբ բոլորը ստանան մանդատները, այդ ժամանակ էլ կորոշենք, ով կլինի: Բոլորն էլ ինձ համար հավատարիմ մարդիկ են: Հնարավոր է նաև Կարեն Կարապետյանը լինի»,- հավելեց ԱԺ նախագահը: