Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին: Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն:
Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017-ի փետրվարին Վրաստան պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր: ՀՀ վարչապետը կարևորել է բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացումը:
Միխեիլ Ջանելիձեն վերահաստատել է Վրաստանի վարչապետի շահագրգռվածությունը՝ ՀՀ կառավարության ղեկավարի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի և արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը և արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկում: Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար և փոխանցել Վրաստանի վարչապետի շնորհավորանքը ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ ու բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին: Կարեն Կարապետյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումը, առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և ավելի հասանելի դարձնելու առումով:
ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը: