Մոսկվան արդյունավետ բանակցություններ է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Դա կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև համաշխարհային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի համար՝ ՌԴ ԱԳ նախարարությունում հայտարարել են պետքարտուղարի այցի կապակցությամբ, որը նախատեսված է ապրիլի 11-12-ին: Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ բանակցություններում «առաջին հերթին ցանկալի կլիներ հասկանալ, թե ԱՄՆ-ում ընդհանրապես որքանով են գիտակցում երկկողմ հարաբերությունների կայունացման և նորմալացման անհրաժեշտությունը»:
Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը կհամաձայնի սիրիական Խան-Շեյխունում քիմիական զենքի հետ կապված միջադեպի օբյեկտիվ հետաքննությանը: Միջադեպից հետո ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական բանակի Շայրաթ ավիաբազային: ԱԳՆ-ում կարծում են, որ ԱՄՆ-ի այդ գործողություններն ագրեսիայի ակտ են, խախտում են միջազգային իրավունքը և նպաստում են ահաբեկիչների ուժեղացմանը: