Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էր այցելել Մոսկվա ոչ շուտ, քան ՈՒկրաինայում և Սիրիայում կարգավորման մեջ առաջընթացի ձեռքբերումը, սակայն նրա դիրքորոշումը կտրուկ փոխվել է, գրում է Spiegel-ը: Մերկելը Մոսկվա կգնա մայիսի 2-ին: Բեռլինում հանդիպումը հիմնավորել են G20 գագաթնաժողովին պատրաստվելով, որը հուլիսին տեղի կունենա Համբուրգում:
«Իրականում այդ այցը ամենավատը կանխելու փորձ է»,- ասված է հոդվածում: Գերմանացի դիվանագետները ՈՒկրաինայում իրադրությունը համարում են ծայրահեղ վտանգավոր: Վերջին ամիսներին Դոնբասում գործերը վատացել են: ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խառնել է համաշխարհային քաղաքականության բոլոր խաղաթղթերը: Վաշինգտոնը դեռևս չի կողմնորոշվել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում: «Ստեղծվել է պայթյունավտանգ իրադրություն»,- գրում է Spiegel-ը, նշելով, որ կանցլերի գերատեսչությունում այլ սպասումներ կային: Թրամփի ընտրվելուց հետո Բեռլինում անհանգստանում էին, որ նա Պուտինի հետ կպայմանավորվի ՈՒկրաինայի հարցում` շրջանցելով եվրոպացիներին:
«Սակայն ամեն ինչ ստացվեց հակառակը: Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ ընտրեց այնքան զուսպ գիծ, որ պարզապես դժվար է դառնում աշխատել: Խնդիրը ոչ թե ԱՄՆ-ի և Մոսկվայի ակտիվ մերձեցումն է, այլ բացարձակ լռությունը»,- գրում է Spiegel-ը: Մերկելը իրադրությունը համարում է ծայրահեղ լուրջ: Երեք շաբաթ առաջ կանցլերը մեկնել է Վաշինգտոն, որ «ամերիկացիներին վերադարձնի խաղի մեջ», իսկ այժմ կմեկնի Ռուսաստան: