ԱՄՆ-ը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային՝ կանխելու համար միջուկային զենքի հերթական փորձարկումը՝ հաղորդում է NBC-ին՝ վկայակոչելով աղբյուրները ամերիկյան հետախուզությունում: ԱՄՆ հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Փհենյանը պատրաստվում է միջուկային զենքի փորձարկում անցկացնել: Հյուսիսային Կորեան ապրիլի 15-ին պետական մակարդակով նշում է նախկին առաջնորդ, երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան հերթական տարեդարձը: Կորեական թերակղզու մոտ ամերիկյան նավատորմը երկու ավիակիր է տեղակայել: Օդուժից բացի՝ ավիակիրները սպառազինված են նաև Tomahawk տիպի հեռակառավարվող հրթիռներով:
Չինաստանի ԱԳ նախարարն ասել է, թե ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ռազմական առճակատման դեպքում հաղթողներ չեն լինի: Նա առաջարկել է Պեկինի աջակցությունը երկու կողմերի միջև երկխոսությանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ եթե Չինաստանը չօգնի զսպել Հյուսիսային Կորեային, ԱՄՆ-ը միայնակ կանի: Ապրիլի 16-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մեկնում է Սեուլ՝ Հարավային Կորեայի ղեկավարների հետ քննարկելու Կորեական թերակղզու իրավիճակը: