Ռուսաստանը չի մասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին՝ հայտարարում է Եվրոպական հեռարձակողների միությունը: Ռուսաստանը ներկայացնելու էր երգչուհի Յուլյա Սամոյլովան, սակայն մարտի 22-ին ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է նրա մուտքը երկիր, քանի որ երգչուհին 2015-ին համերգ է ունեցել Ղրիմում՝ խախտելով ուկրաինական օրենքը:
Եվրոպական հեռարձակողների միությունը Ռուսաստանին երկու տարբերակ է առաջարկել՝ Յուլյա Սամոյլովան մասնակցի հեռակա կարգով, կամ փոխարինել նրան: Ռուսական Առաջին ալիքը մերժել է առաջարկները և հրաժարվել է Ռուսաստանում հեռարձակել «Եվրատեսիլ 2017»-ի մրցույթը: Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին՝ ասված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունում: