Մոլդովան մեր պես փոքրիկ ու աղքատ երկիր է, բայց պատմությամբ ու աշխարհագրական դիրքով Ասիայի հետ որևէ առնչություն չունի: Նույնիսկ 2014-ին Եվրամիության հետ ասոցացվեց, ու ինչքան էլ հանդուգն համարվեր այդ քայլը, նույնքան էլ պատճառաբանված ու մոտիվացված էր, որովհետև Մոլդովան քիփ հարևանն է իր արյունակից ու ԵՄ անդամ Ռումինիայի և երկու «ավագ եղբորից»` Ռուսաստանից ու Ռումինիայից, ընտրեց նրան, որի հետ «մի հորից ու մորից» էր: Բայց նույնիսկ Մոլդովային «եվրոպական հրաշքը» ոչինչ չտվեց, ու ընդամենը երեք տարի հետո ռուսամետ Դոդոնը դարձավ այս աղքատ երկրի նախագահն ու սկսեց «բախտ որոնել» Կրեմլի պատերի տակ: Իհարկե, Մոլդովան խորհրդարանական երկիր է, ու չեմ կարծում, որ արևմտամետ մեծամասնությունը թույլ տա Մոլդովայի ինտեգրումը ԵԱՏՄ-ին: Այդ գաղափարը կմեռնի` Դոդոնի վարկանիշի «հիվանդացմանը» զուգահեռ: Բայց «եվրոպական» Մոլդովայի ռուսասեր նախագահը կհասցնի մեռցնել նաև ԵՄ-ԵԱՏՄ կամրջի գաղափարը, որին այսօր հավակնում է Քիշնևը` «պլեչ» անելով ԵԱՏՄ անդամ, բայց «եվրոպականացվող» Հայաստանից:
Հայաստանի բանն ուրիշ է. մենք Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկին ենք, բայց կամուրջ լինելը վերամբարձ է հնչում, որովհետև երկուսից էլ պատմության ընթացքում հարվածներ ենք ստացել: Մենք մեզ համոզում ենք, որ կամուրջ կարող ենք լինել Եվրոպայի ու Ասիայի, ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև, բայց հենց քարտեզին ենք նայում, համոզվում ենք, որ «ոտատակի» բան ենք, մանավանդ, երկու ափերը, որ պատերազմում են, կամրջի կարիք չեն ունենում: Ասածս այն է, որ մենք լավագույն դեպքում խրամատ կարող ենք լինել հակամարտողներից մեկի զինվորի, կամ չուլան` ապրանքի համար:
Մենք ուզում ենք եվրոպացի լինել, բայց չի ստացվում, որովհետև, օրինակ, ՍԱՍ սուպերմարկետի խիստ էլիտար, եվրոպական ճոխության խորքերում ասիական, նույնիսկ վաղասիական բարքեր են: Մենք ասիացի լինել չենք ուզում, բայց պատմությունը, հարևանները, նույնիսկ մեր եկեղեցու «հատուկ» կարգավիճակը դրան են տանում:
Հոգեվիճակային հակասությունը կոչվում է պարտադրանք, որը մեզ տարել է ԵԱՏՄ, որի լուսամուտից չհեռանալով` կարոտած նայում ենք Եվրոպայի ուղղությամբ: Լուսամուտի մոտ նստել կարող ենք, տնից դուրս գալ` ոչ. դրսում սպասող էլ չունենք: Լուսամուտի մոտից տան խորքը գնալու ցանկություն էլ չկա. սլավոնա-թուրքական ընտանիքում մեզ խորթ ենք զգում:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ