Թուրքիայում այսօր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քվեարկել է Ստամբուլում գտնվող տեղամասերից մեկում` կնոջ և թոռների ուղեկցությամբ:
«Հուսով եմ, որ մեր ժողովուրդն այսօր կքվեարկի շատ ավելի արագ զարգացման և փոփոխությունների օգտին»,- հայտարարել է Էրդողանը: Վարչապետ Բինալի Յիլդիրիմը քվեարկել է Իզմիրում: «Մենք մեծ հարգանքով կվերաբերենք ժողովրդի կայացրած ցանկացած վճռին: Մեր ժողովրդի ցանկացած որոշում մեզ համար լավագույնն է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքական աղբյուրները հաղորդում են քվեարկության ընթացքում արևելքում զինված միջադեպերի մասին: Դիարբեքիրից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի ընտրատեղամասի բակում կեսօրին փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել է՝ հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը:
Փոխհրաձգությունը սկիզբ է առել, երբ հանրաքվեի շուրջ վեճի ժամանակ գյուղապետի որդին հրազեն է կիրառել:
Գիշերը Վանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները գնդակոծել էին իշխող կուսակցության ավտոբուսը: Հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել:
Թուրքիայի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 63,6 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին, որոնցով նախատեսվում է անցում խորհրդարանականից նախագահական կառավարման՝ վկայում են Գերագույն ընտրական խորհրդի նախնական տվյալները՝ արձանագրությունների 24 տոկոսի հաշվարկից հետո։ Սահմանադրական փոփոխություններին դեմ է քվեարկել ընտրողների 36,4 տոկոսը։ 167 հազար ընտրատեղամասերում քվեարկելու հնարավորություն է ունեցել Թուրքիայի 55,3 մլն քաղաքացի։ Ընտրատեղամասերի անվտանգությունն ապահովել է 380 հազար ոստիկան։