Թուրքիայի ժամանակով 17:00-ին 81 նահանգներում սահմանադրական հանրաքվեն ավարտվել է։ 167 հազար 140 ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը: Թուրքիայի ԿԸՀ-ի հաղորդմամբ, քվեարկելու իրավունք ունեցող 55 միլիոն քաղաքացիների 87 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:
Տեղական ժամանակով 20։30-ի դրությամբ, բացվել է քվեատուփերի 99,8 տոկոսը։ Նոր Սահմանադրությանն «այո» է ասել քվեարկածների 51,24 տոկոսը, դեմ է քվեարկել 48,74 տոկոսը։ «Այո»-ն հաղթում է նաև արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության արդյունքներով. 57 երկրներում բնակվող շուրջ 2,5 մլն ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 136 հազար քաղաքացի, նրանց 58,92 տոկոսն ասել է «այո» սահմանադրական հանրաքվեին, իսկ 41,08 տոկոսը՝ «ոչ» է ասել նոր Սահմանադրությանը:
Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը գիշերը հայտարարել է, որ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին։ Նոր սահմանադրությամբ նախագահ Ռեջեփ Էրդողանը ստանում է աննախադեպ լիազորություններ և տեսականորեն մինչև 2029-ը նախագահելու հնարավորություն։
Գերագույն ընտրական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Սահմանադրությանը կողմ քվեարկած քաղաքացիների թիվը 1,25 միլիոնով ավելին է դեմ քվեարկածներից։ Սահմանադրությանը կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51, դեմ՝ 48,6 տոկոսը։
Էրդողանը հաղթանակի մասին հայտարարել էր ավելի վաղ՝ չսպասել պաշտոնական տվյալներին։ Կողմ ու դեմ քվեարկողների տարբերությունը չնչին է և ընդդիմությունը մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները:
Թուրքիայի խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, նախնական տվյալներով, դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին։