ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթերը մեկնել է Աֆղանստան։ Նա Քաբուլ է ժամանել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ-միջուկային ռումբը Աֆղանստանում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից օգտագործվող թունելների վրա կիրառելուց մի քանի օր հետո։ Ռումբի պայթյունից մոտ 100 զինյալ է զոհվել։ ՄըքՄասթերը Քաբուլում է՝ «քննարկելու Աֆղանստանում Թրամփի վարչակազմի քաղաքականության վերանայման հարցը»։
Աֆղանստանի նախագահի խոսնակը Թվիթերում գրել է, որ Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթերը և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին քննարկել են երկկողմ կապերին, անվտանգությանը, հակաահաբեկչությանը, բարեփոխումներին վերաբերող հարցեր։