Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ԿԸՀ-ն սկանդալային որոշում է կայացրել։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԿԸՀ-ն բազմաթիվ ընտրատեղամասերում «այո» քվեարկած առանց կնիքի քվեաթերթիկները հայտարարել է օրինական։ Այս փաստը զայրացրել է ընդդիմադիր կուսակցություններին, իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ չի ընդունում նման արդյունքը։
«Եթե օրենքը պարտադրում է որ վավեր է այն քվեաթերթիկը, որի վրա կա կնիք, ուրեմն թող այդպես հաշվեն։ Խաղի կեսից խաղի կանոնները չեն փոխում»,- ասել է Քըլըչդարօղլուն: Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որից հետո ԿԸՀ-ն որոշել է շտապ մամուլի ասուլիս կազմակերպել։
Նախնական տվյալներով «այո»-ն հաղթել է՝ հավաքելով 51,2 տոկոս ձայն։
Քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնականները հետևյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցավնկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։