Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչները արտասովոր բողոքի ակցիա են անցկացրել հանրաքվեի արդյունքների դեմ, որոնց շնորհիվ նախագահ Էրդողանը ստացել է աննախադեպ լիազորություններ։ Մարդիկ իրենց տների պատուհաններից դուրս հանած կաթսաներն ու թավաները՝ հարվածում են դրանց։
Reuters-ը հայտնում է, որ բողոքի ակցիաները նկատվել են քաղաքի առնվազն 4 շրջաններում։ Ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ դուրս են եկել փողոցներ։
Ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ սահմանադրական ուղղումներին կողմ է քվեարկել 51,35 տոկոսը, դեմ՝ 48,65 տոկոսը։
Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքները, ներառյալ Ստամբուլը, նախնական տվյալներով՝ դեմ են քվեարկել փոփոխություններին։
Էրդողանի կողմնակիցներն ասում են, որ հանրաքվեն կօգնի արդիականացնել երկիրը, սակայն նրա հակառակորդները վախենում են ավտորիտարիզմի աճից։
Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն կասկածի տակ է դրել հանրաքվեի լեգիտիմությունը։
Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին «այո»-ն ստացավ 51,18%-ը կամ 24 միլիոն 325 հազար 817 քվե, իսկ «ոչ»-ը՝ 48,82% կամ 23 միլիոն 201 հազար 726 քվե:
Թուրքիայի 81 նահանգներից 32-ում հաղթել է «ոչ»-ը և 49-ում՝ «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին հիմնականում դեմ են քվեարկել քրդաբնակ նահանգները, արևմտյան՝ առավել աշխարհիկ նահանգները, Միջերկրականի ափին գտնվող նահանգները: Երեք խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, դեմ են քվեարկել փոփոխություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջարկած փոփոխություններին կողմ են քվեարկել երկրի կենտրոնական շրջանները և Սև ծովի առափնյա նահանգները:
Այլ երկրներում բացված ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում հաղթել է «այո»-ն՝ ստանալով 59,09% կամ 831 հազար 43 քվե: «Ոչ»-ը ստացել է 40,91% կամ 575 հազար 288 քվե: Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում հաղթել են Էրդողանի կողմնակիցները, մյուս երկրներում հաղթել են սահմանադրական փոփոխությունների հակառակորդները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և Ադրբեջանում:
Սահմանադրական փոփոխություններով, նախ և առաջ, Թուրքիան անցում կկատարի կառավարման նախագահական համակարգի: Փոփոխություններով պատգամավորների թիվը 550-ից կավելանա մինչև 600, խորհրդարանն ընտրվելու է գործող 4-ի փոխարեն 5 տարով, թուլացվել է խորհրդարանի վերահսկողությունը կառավարության նկատմամբ, ավելացվել են նախագահի լիազորությունները: Այս փոփոխությունների արդյունքում Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընտրություններում հաղթելու դեպքում կարող է նախագահ մնալ մինչև 2029 թվականը: