Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը «նոր Աթաթյո՞ւրք», թե՞ «նոր Աբդուլ Համիդ»

Էրդողանը «նոր Աթաթյո՞ւրք», թե՞ «նոր Աբդուլ Համիդ»
18.04.2017 | 12:56

Պաշտոնապես հրապարակվել են Թուրքիայում նախօրեին ամցկացված սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն, ձայների չնչին առավելությամբ, հաղթանակ են տարել Էրդողանի կողմնակիցները, և երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարում գերկենտրոնացված նախագահականին:

Եվրոպայի անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում սա եզակի դեպք չէ, երբ իշխող էլիտաները կատարում են սահմանադրական փոփոխություններ` իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Թուրքիայից առաջ նման գործընթացներ եղել են Ղրղզստանում, Հայաստանում, Ադրբեջանում: Թուրքիայի առանձնահատկությունն այն է, որ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես նաև, գոնե առայժմ, ԵՄ անդամության ֆորմալ թեկնածու:

Արտաքուստ Էրդողանը ստացել է այն, ինչ ուզում էր, սակայն հանրաքվեում քվեների չնչին տարբերությամբ հաղթանակը կարող է խաբուսիկ լինել` հեռանկարում իշխանություններին կանգնեցնելով լուրջ մարտահրավերների առջև:


Քաղաքական առումով կարող ենք արձանագրել, որ ապրիլի 16-ին Թուրքիայում դրվեց Քեմալ Աթաթյուրքի կողմից 1923-ին հիմնադրված Հանրապետության վերջակետը: Բնույթով այն աշխարհիկ պետություն էր` կառավարման խորհրդարանական համակարգով: Շատերը կարծում են, որ նարցիսիզմով տառապող Էրդողանը ոչ միայն լուծել է իշխանության պահպանման ընթացիկ խնդիր, այլ, գնալով ֆունդամենտալ փոփոխության, փորձել է պատմության մեջ թողնել հետագիծ` համեմատվելով Աթաթյուրքի հետ: Մյուսներն ասում են, որ այս հանրաքվեից հետո Էրդողանն այնքան իշխանություն է ունենալու, որ կերազեր անգամ սուլթան Աբդուլ Համիդը: Ինչևէ, Թուրքիայում ձևավորվում է գաղափարականացված ավտորիտարիզմ` ազգայնականության և իսլամի, հակաարևմտականության հիմքերով, ինչի վկայությունն է Էրդողանի ելույթը հանրաքվեի ավարտից հետո: «Մենք պայքարել ենք բոլոր թշնամիների դեմ, մեզ վրա հարձակվել են նրանք, որոնք ունեն խաչակիրների աշխարհայացք: Սակայն, որպես ազգ, մենք դիմակայել ենք: Մենք կարող ենք խոնարհվել միայն մեր սրբությունների առջև և ուրիշ ոչ ոքի»,-ասել է նա: Տարածված կարծիքի համաձայն` սահմանադրական փոփոխությունները թույլ են տալիս, որ Էրդողանը տեսականորեն իշխանության ղեկին մնա մինչև 2029 թվականը:


Սակայն նույն այդ հանրաքվեն Էրդողանի համար ստեղծել է նաև մարտահրավերներ: Երկրում գրեթե հավասար են սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների ու հակառակորդների բանակները, ընդ որում, Էրդողանը պարտություն է կրել խոշոր քաղաքներում` Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, քրդաբնակ նահանգներում և հաղթել է այն տեղերում, որտեղ ցածր է ընտրողների կրթական ցենզը: Առայժմ տեսանելի չէ, թե ինչպես է իմպուլսիվ Էրդողանը կոնսոլիդացնելու երկփեղկված հասարակությանը, հնազանդեցնելու 16 միլիոն քրդերին:


Վիճահարույց է հանրաքվեի լեգիտիմությունը: Ընդդիմության գլխավոր առարկությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումն է, որի համաձայն, ընտրական հանձնաժողովների կողմից չկնքված քվեաթերթիկները ևս վավեր են համարվել:
Արևմուտքը «մտահոգիչ» է համարում Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: «Հանրաքվեն չէր համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին»,- երեկ Անկարայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան: Եթե օրինական չեն համարվում ընտրական հանձնաժողովների կողմից չկնքված քվեաթերթիկները, ապա սահմանադրական փոփոխությունների հակառակորդները հաղթանակ են տանում` տապալելով Էրդողանի նախաձեռնությունը: Իհարկե, Թուրքիայում և նրա սահմաններից դուրս որևէ իրատես մարդ չի հավատում նման հեռանկարի:


Սահմանադրական հանրաքվեն, ըստ էության, վերջակետ դրեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարին: Անկարայի մեկուսացումն ակնհայտորեն խորանալու է` նրա համար ավելի հրապուրիչ դարձնելով մերձեցումը Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, Սիրիայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի առանցքային անդամն ու կարևոր գործընկերը, ու Անկարայի համար ավելի հոգերազատ է ԱՄՆ-ի սիրիական քաղաքականությունը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված է լինելու ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթով: Մի բան ակնհայտ է` ավտորիտար ու հակամարտաստեղծ Թուրքիան ավելի անկանխատեսելի ու վտանգավոր է տարածաշրջանի ու հարևան երկրների, այդ թվում` Հայաստանի համար:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ