Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այցելել էր Մաշտոցի պողոտա, որտեղ ասֆալտապատման նպատակով կտրտած է ասֆալտի որոշ հատվածներ։
«Ինչ-որ մարդկանց մտքով անցել է, որ կարելի է Մաշտոցի պողոտան քանդել և այդ վիճակում պահել 4 օր շարունակ։ ՈՒզում են ցույց տալ, որ Տարոն Մարգարյանը ասֆալտ է անում»,- ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Երևանի փողոցներում, ուղղակի անթույլատրելի է։
«Պետք է քթի ծակ ունենալ և հասկանալ, որ չի կարելի Երևանի գլխավոր պողոտան կաթվածահար վճակում պահել։ Սա ուղղակի անթույլատրելի վիճակ է։ ՈՒզում եմ ուղղակի ասել, որ, Տարոն ջան, սիրուն չի, սա ուղղակի նշանակում է մարդկանց պրկված նյարդերի հետ խաղալ»,- ուղիղ եթերում հայտարարեց քաղաքապետի թեկնածուն։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս վիճակը շուտ կհարթվի, ասաց, որ վաղը դարձյալ կայցելի՝ հետևելու կատարված աշխատանքներին։