Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Ողջունելով նման ձևաչափով ավանդական դարձած հանդիպումները՝ ՀՀ նախագահը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարևորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, և տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած իրողության:
Սերժ Սարգսյանը, հիշելով 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձևաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլև բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին և անվտանգության սպառնալիքներին: ՀՀ նախագահն իր ներածական խոսքում ոչ միայն անդրադարձել է ԱԺ ընտրություններին, միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականներին, այլև պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Դեսպանների հարցերը վերաբերել են նախագահի ելույթում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ տրված գնահատականներին, հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերին, կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին, քաղաքացիական հասարակության և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության հետ աշխատանքին ու նրանց հետ համագործակցության զարգացման ծրագրերին, նաև՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: Դեսպանները շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին նման ձևաչափով հանդիպումները պարբերական դարձնելու համար և նշել, որ բաց ու անկեղծ մթնոլորտում տեղի ունեցող զրույցի ընթացքում իրենք հնարավորություն են ստանում բավականին կարևոր և հանգամանալից տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի մասին անմիջապես երկրի նախագահից, լսել տարբեր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ նախագահի տեսակետներն ու պատկերացումները:
Խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախագահ Սարգսյանը նշել է, որ ոչ միայն ընտրությունների պարագայում, այլև բոլոր երևույթները գնահատելիս, մշտապես աշխատում է խուսափել «ամենա-ամենա» բնորոշումներից և նախընտրում է գործընթացներին ուղղակի տալ համատեքստային գնահատական: «Կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում: Ընտրություններում, իմ կարծիքով, առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, որոնցից երեքի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը»,- նշել է նախագահը, ընդգծելով, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները.
«Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին»,- ասել է ՀՀ նախագահը: Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, նախագահի կարծիքով, քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը: «Այս տեսակետից ես պետք է երախտագիտությունս հայտնեմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԱՊՀ քարտուղարության, ԱՊՀ ԽՎ-ի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ- ի կամ հենց դեսպանությունների դիտորդական առաքելությունների կազմում:
Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն: ՈՒրախ եմ նշել, որ ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, և մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Հանդիպման ներածական խոսքի ավարտին նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը փոխադարձ շահավետ է և լավ ավանդույթներ է ստեղծում տարածաշրջանում, ինչն ուղղակի անհրաժեշտություն է տարածաշրջանի համար: «Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները՝ անշուշտ ապավինելով նաև ձեր երկրների աջակցությանը»,- ընդգծել է նախագահը: