Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Սյունիք Ազատ տնտեսական գոտի» ընկերությունների միջև կնքվել է Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը և ընկերության տնօրեն Էդուարդ Ղուկասյանը։
«Պայմանագրի առարկան են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ԱՏԳ կազմակերպման, ԱՏԳ ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի կեսերին։ Կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 միլիոն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 միլիոն դոլարի ներդրումներ, կստեղծեն 2 500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 միլիոն դոլար: