Արցախյան հակամարտության արագ լուծում գտնելու անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ անցյալ տարի ապրիլի 2-5-ի բախումներից հետո՝ հայտարարել է սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Բենուա Ամոնը՝ Ֆրանսիայում հայերի «Nouvelles d'Arménie» պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ «սառեցված հակամարտություն» արտահայտությունը իրադրության ոչ ադեկվատ նկարագրություն է, որի դեպքում ամեն տարի բազմաթիվ մարդիկ են զոհվում։
«Ֆրանսիան իր պարտականություններն ունի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողքին։ Անցյալ տարի մենք միանգամից մոբիլիզացվեցինք, որ գործընկերների հետ միասին հնարավորինս շուտ հրադադարի հասնենք։ Բայց սխալ կլիներ կարծելը, թե դրությունը կայունացել է։ Բախումները կարող են սկսվել ցանկացած պահի, ինչը հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ պատճառով էլ բոլորը պետք է լուծում գտնեն, որի տարրերն արդեն հայտնի են։ Դրանք 2010-ի մադրիդյան սկզբունքներն են»,-հայտարարել է Ամոնը։
Նա նշել է, որ իր՝ նախագահ դառնալու դեպքում, կշարունակի աշխատանքները հենց այդ սկզբունքով. «Յուրաքանչյուր կողմ պետք է կատարի իր պարտականությունները»։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության օրը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում ներառելուն, քաղաքական գործիչն ընդգծեց, որ մի անգամ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է բոլոր ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ներառել օրացույցի մեկ օրում։ «Եթե նախագահ դառնամ, կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է նա։ Թեկնածուն նաև խոսել է ցեղասպանության հերքումը քրեականացնելու հարցի մասին։ «Եթե նույնիսկ ցեղասպանության հերքումը քրեականացնելու իրավական ուղիները բախվել են խոչընդոտների, որոնց մասին մենք գիտենք, մենք չպետք է թևաթափ լինենք։ Իր հերթին, շատ ուղիներ գոյություն ունեն, որ այդ ողբերգության մասին հիշողությունն ապրի, որպեսզի անցյալում գործված մարդկության դեմ հանցագործությունները չկարողանան կրկնվել ապագայում»,- հայտարարել է նա։