«Իրանը շարունակում է հարվածի տակ դնել ամերիկյան շահերը Մերձավոր Արևելքի մի շարք պետություններում»` հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկ անգամ ևս կոշտ քննադատելով Օբամայի վարչակազմին Թեհրանի հետ բանակցություններում խնդրահարույց թեմայի` միջուկային ծրագրի շուրջ կենտրոնանալու համար:
«Կարծում եմ, որ այդ համաձայնագրի մշակման ընթացքում թույլ տրված սխալներից մեկը Իրանի կողմից հարուցվող մյուս սպառնալիքների անտեսումն էր: Իրանի կողմից միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում հարուցվող խնդիրները պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկվեն, և միջուկային համաձայնագիրը դրանցից մեկն է միայն: Մենք պատրաստվում ենք ամբողջական վերագնահատման ենթարկել միջուկային համաձայնագիրը, որը չի հասել իր հիմնական նպատակին: Դա հերթական օրինակն է, երբ միջուկային հավակնություններ ունեցող պետությանը կարճաժամկետ շահերից ելնելով կաշառում են` հարցի հետագա լուծումը մեկ ուրիշի վրա թողնելով»,- հայտարարում էր Թիլերսոնը:
Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ Ռեքս Թիլերսոնը մեկ առ մեկ թվարկեց բոլոր գործողությունները, որոնք, իր համոզմամբ, վտանգում են ամերիկացիների և ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների շահերը: Խոսքը Սիրիայում Ասադի վարչակազմին ցուցաբերվող աջակցության, Իրաքում, Եմենում և Լիբանանում զինված կազմավորումներին օժանդակության, Իսրայելի դեմ գործողությունների, համացանցում ԱՄՆ-ի դեմ կիբերհարձակումների մասին է: Պետքարտուղարը խոստանում է` առաջիկա ամիսներին Վաշինգտոնի քաղաքականությունը Թեհրանի դեմ ավելի է կոշտանալու: «Թրամփի վարչակազմը չի պատրաստվում Իրանի խնդիրը որպես ժառանգություն թողնել հաջորդ վարչակազմերին: Ապացույցները հստակ են. Իրանի սադրիչ գործողությունները վտանգում են ԱՄՆ-ը, տարածաշրջանը և ողջ աշխարհը: Թրամփի վարչակազմը այժմ համապարփակ վերագնահատման է ենթարկում Իրանի հանդեպ քաղաքականությունը: Երբ մենք ի մի բերենք մեր բոլոր եզրակացությունները, հստակորեն ու վստահորեն կառերեսվենք Իրանի մարտահրավերներին»,- հայտարարում էր Թիլերսոնը:
Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հետագա քայլերի մասին առավել հստակորեն երեկ երեկոյան խոսեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Նրա փոխանցմամբ, ամերիկյան գերատեսչությունները 90 օրում կուսումնասիրեն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի իրագործման ընթացքը` հետագա քայլերի վերաբերյալ Դոնալդ Թրամփին հստակ առաջարկների փաթեթ ներկայացնելով:
Լրագրողներից մեկի հարցին՝ Սպիտակ տանը ըմբռնո՞ւմ են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու որոշումը, Շոն Սփայսերը պատասխանեց. «Մենք բոլորս էլ տեղյակ ենք բացասական ազդեցության մասին, որ կարող է ունենալ այս քայլը: Կարևոր չէ՝ խոսում ենք տնտեսական, քաղաքական, թե ռազմական գործողության մասին՝ մենք միշտ էլ հաշվարկում ենք այդ հնարավորությունները»: