Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսները ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ երկու գաղտնի զեկույց են պատրաստել

Ռուսները ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ երկու գաղտնի զեկույց են պատրաստել
20.04.2017 | 22:56

ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրությունների վրա ներազդելու պլանը Պուտինի պատվերով մշակել է «Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտը», որի ղեկավարը հետախուզական ծառայության նախկին բարձաստիճան պաշտոնյա է՝ հաղորդում է «Ռոյթերզը», վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները՝ ներկա և նախկին պաշտոնյաների, որոնցից երեքը դեռևս վարչակազմում են, իսկ չորսն այլևս չեն աշխատում: Ըստ նրանց տեղեկությունների, ռուսական ինստիտուտը երկու առաջարկ է մշակել: Առաջինը կազմվել է 2016-ի հունիսին ու շրջանառության մեջ դրվել ՌԴ բարձրագույն իշխանական շրջանակներում: Կրեմլին առաջարկվել է սոցիալական ցանցերում և լրտավամիջոցներում քարոզչական արշավ ծավալել՝ նպատակ հետապնդելով ամերիկացի ընտրողներին համոզել՝ նախապատվություն տալ այն թեկնածուին, որ Ռուսաստանի հանդեպ ավելի մեղմ դիրքորոշում ունի, քան նախկին նախագահ Բարաք Օբաման:


Երկրորդ առաջարկը ներկայացվել է 2016-ի հոկտեմբերին: Այդ տարբերակում ռուսաստանցի փորձագետների ելակետը Հիլարի Քլինթոնի հավանական հաղթանակն է: Կրեմլին խորհուրդ է տրվում դադարեցնել Թրամփի աջակցության քարոզչությունն ու ջանքերը կենտրոնացնել հավանական նախագահ Քլինթոնի հեղինակությունը խարխլելու ուղղությամբ՝ ընտրակեղծիքների կասկածներ ու կեղծ լուրեր տարածել, հարցականի տակ դնելով ամերիկյան ընտրական համակարգի կենսունակությունը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը և «Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտի» մամուլի ծառայությունը չեն պատասխանել այս առաջարկների վերաբերյալ «Ռոյթերզի» հարցերին: Պարզ չէ նաև, թե ամերիկացիներն ինչպես են ձեռք բերել ռուսական ինստիտուտի փորձագետների առաջարկ-ուսումնասիրությունները: Ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակում են ուսումնասիրել Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության հարցը: Այս տարվա հունվարին հետախուզական ծառայություններն իրենց զեկույցներում նշել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ ընտրությունների վրա ազդեցություն գործելու արշավ է պատվիրել, օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ հաքերային հարձակումներ, տեղեկատվական արտահոսքեր և այլն: Կրեմլը հերքել էր այդ մեղադրանքները:


Ավելի ուշ «Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտի» կայքում տեղադրվել է տնօրեն Միխայիլ Ֆրադկովի պատասխանը «Ռոյթերզի» հրապարակմանը: Նա այդ ամենը որակել է «դավադրական, երևակայական մտքերի շարան», ասելով՝ հրապարակման հեղինակները հերթական անգամ փորձում են ուշադրության տակ պահել արդեն մոռացվող թեման, թե իբր Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավին:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ