Շատ հավանական է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի, և նոր պառլամենտում լինեն երկու իշխանական կուսակցություն՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Քննարկումները ՀՅԴ մեր գործընկերների հետ շարունակվում են, և շատ-շատ հավանական է, որ 2017-ին Հանրապետական-Դաշնակցություն քաղաքական համաձայնությունը կստորագրվի, և մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն։ Սա նախնական քննարկումների արդյունքներն են, բայց քննարկումները շարունակվում են»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով հակվածությունը՝ «թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի մոտ ավելի շատ համագործակցության»։ ՀՀԿ խոսնակը վստահեցրեց, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների հարց ԳՄ-ն չի քննարկել։ «Բոլոր այդ անունները, հրապարակումները ժողովրդական բանահյուսության շարքից են»,- պնդեց Շարմազանովը։ Գործադիր մարմնի երեկվա նիստում քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզչությանը վերաբերող հարցեր։ «Քննարկել ենք Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկը։ Տեղյակ եք, որ վաղն արդեն քարոզչության առաջին օրն է, մենք այս անգամ, ինչպես նաև 2013-ի ավագանու ընտրությունների ժամանակ նախընտրել ենք ուղղակի բակային հանդիպումների քարոզչությունը, և յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր քարոզչական օր մենք կհանդիպենք չորսից վեց բակերում մեր ընտրողների հետ։ Ինչո՞ւ ենք սա ընտրել, որովհետև կարծում ենք, որ մեր ավագանիների, մեր քաղաքապետի թեկնածուների և երևանցիների միջև միջնորդներ հարկավոր չեն։ Մենք ներկայացնելու ենք մեր իրականացրած ծրագրերը 2013-2017-ին և, բնականաբար, կներկայացնենք մեր հանրությանը նաև 2017-22-ի ռազմավարական ծրագիրը»,- փոխանցեց Շարմազանովը՝ շարունակելով. «Եթե կարիք լինի, մենք ունենք շատ լայն ցուցակ՝ գուցե 50 համարին, 60 համարին կամ 15-20 համարին խնդրենք՝ «Ելքի» ղեկավարների հետ հանդիպեն»։
«Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյան առաջարկել էր բանավեճ կազմակերպել Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջև։ Հարցին, թե Տարոն Մարգարյանն արժանի չի՞ համարում անձամբ հանդիպել նրանց, Շարմազանովը պատասխանեց. «Տարոն Մարգարյանն արժանի համարում է հանդիպել ավելի շատ երևանցիների հետ և պարոն Մարգարյանը հարգանքով է վերաբերվում իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին»։ Ճշտող հարցին, թե Մարգարյանը պատրա՞ստ է ուղիղ բանավեճի՝ ուղիղ եթերով, Շարմազանովը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը պատրաստ է ավելի ուղիղ աշխատել և իր ծրագրերը ներկայացնել երևանցիներին»։