Վայոմինգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 45-րդ նահանգը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակը: «Թե Հայոց, և թե Հրեական ցեղասպանությունների վայրագությունները աներևակայելի էին»,- ասել է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին ուղղված նամակում՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և հավասարեցնելով Հրեաների ողջակիզմանը։ «Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ պատմության կրկնությունը անթույլատրելի է»,- հավելել է նահանգապետը։ Մեթյու Միդը նաև դրվատանքի խոսքեր է ասել հայկական կազմակերպության հասցեին, նշելով՝ «Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքը ոգևորիչ է»։ Վայոմինգի նահանգապետը զորակցություն է հայտնել հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ։
Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունել է նահանգապետի հայտարարությունը։ «Շնորհակալություն ենք հայտնում Վայոմինգի նահանգապետին պատմական ճշմարտության կողքին կանգնելու և իր ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի կոչերին միացնելու համար»,- ասել է Հովսեփյանը։