Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը դեմ է «վաղաժամ որոշումներին» և Թուրքիայի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի հանրաքվեից հետո ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը: «Թուրքիայում այս պատմական քվեարկությունից հետո մենք պետք է դարձյալ քրտնաջանորեն հավաքենք երկխոսության թելերի մասերը և միասին հյուսենք»,- հայտարարել է նա՝ Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում:
Գաբրիելը նշել է, որ մի շարք թեմաներ կան՝ լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումից մինչև Սիրիայի ճգնաժամի կարգավորումը, որոնք Անկարայի հետ քննարկում են պահանջում: «Վերջին հաշվով, Թուրքիան ինքը պետք է որոշի՝ ցանկանում է ԵՄ-ից էլ ավելի շատ հեռանալ: Ամեն դեպքում մենք մեր կասկածները չենք թաքցրել վերջին ամիսներին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է Գաբրիելը: «Այն, ինչ այնտեղ տեղի է ունենում՝ պատգամավորների, ընդդիմադիրների, լրագրողների կալանավորումները, այս ամենն ամենևին չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին»,- ամփոփել է Գերմանիայի ԱԳ նախարարը: