Երևանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները: Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության «Երևան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշերը ապրիլի 20-ին» հարցման առաջին արդյունքները: Հարցվածների քանակը 1044 է, իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ին, կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, ընդգրկվել են Երևանի 12 վարչական շրջանները: «Քաղաքացիների 63,3 տոկոսը կարծում է, որ Տարոն Մարգարյանը կկարողանա լուծել քաղաքի հիմնախնդիրները, 12,1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանին, իսկ 4,2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին, 8,6 տոկոսը՝ ոչ մեկին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը:
Հետազոտության շրջանակում ներկայացված հարցերը բազմազան են: «Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Երևանի փոփոխությունները վերջին 4 տարիների ընթացքում» հարցին ի պատասխան՝ երևանցիների 9,4 տոկոսը պատասխանել է «լիովին դրական», «ավելի շուտ դրական» է գնահատել քաղաքացիների 55,2 տոկոսը, «ընդհանրապես բացասական»՝ 14 տոկոսը:
«Ներկա պահին երևանցիների համար տարածքի/ համայնքի հիմնական խնդիրների շարքում գերակշռող է մաքրության խնդիրը՝ 33,5 տոկոս, որին հաջորդում են մուտքերի վատ վիճակը, տրանսպորտի խնդիրները, աղբահանության խնդիրը, ասֆալտապատումը, վերելակների խնդիրը, ծառահատումները, կոյուղու վատ վիճակը, կանաչապատ տարածքների սակավությունը և այլն»,- նշեց նա:
Վերջին 4 տարում քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների/ ծրագրերի ցանկում առաջնային է քաղաքի տեսքի բարեկարգման հարցը՝ 27,9 տոկոս, բակերի բարեկարգման, նստարանների տեղադրման, կանաչապատ տարածքների ավելացման, խաղահրապարակների կառուցման հարցերը և այլն: Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ երևանցիների մեծամասնությունը կցանկանար, որ քաղաքապետարանը նախ և առաջ աշխատանքներ տաներ կանաչապատ տարածքների ավելացման ուղղությամբ՝ 32,2 տոկոս, խաղահրապարակների կառուցման, շաբաթօրյակների անցկացման, մշակութային, սպորտային և այլ միջոցառումներ:
«Որպես առաջնային խնդիր երևանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը, ապա մաքրությունը: Ամենաբարձրը գնահատել են լուսավորությունն ու անվտանգությունը»,- ներկայացրեց Արամ Նավասարդյանը:
Ըստ երևանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավթաշեն վարչական շրջանները, ամենավատը՝ Շենգավիթը և Նուբարաշենը: Հարցումն ընդգրկել է նաև զբոսաշրջության ոլորտը՝ քաղաքապետարանի քայլերի իրականացման համատեքստում. երևանցիների մեծամասնությունը զբոսաշրջության զարգացման համար նախ և առաջ կարևորում է
քաղաքում մաքրության պահպանումը` 28,6 տոկոս, տուրիստների համար արհեստական գները չբարձրացնելը, հին շինությունների պահպանումը, կանաչապատ տարածքների ավելացումը, հին Երևանի վերականգնումը և այլն:
Քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը «շատ լավ» է գնահատել քաղաքացիների 11,1, «ավելի շուտ լավ»՝ 69,3, «շատ վատ»՝ 4,1 տոկոսը:
Հարցվածների 54,3 տոկոսը նշել են, որ անպայման մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին: «Երևանցիների 61,2 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի, 11,5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանի, 3,9 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանի օգտին, իսկ 12,7 տոկոսը հրաժարվել է պատասխանել: Մարդիկ նախ և առաջ ցանկանում են, որ քաղաքապետը լինի գործունյա, բոլորից լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ քաղաքի համար, հասկանա մարդկանց խնդիրները, լինի վստահելի, պարկեշտ և հասարակ մարդ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, իրազեկ, պրոֆեսիոնալ, կարողանա ճիշտ և գրագետ խոսել»,- նշել է Արման Նավասարդյանը: Նախընտրելի հատկությունների շարքում երևանցիները կարևորել են քաղաքապետի արտաքինը: Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ սրանք սկզբնական արդյունքներն են, հաջորդ հարցումը կլինի մայիսի 1-10-ին: