Ապրիլի 24-ին մենք հիշում ենք ավելի քան մեկ դար առաջ հայ բնակչության ողբերգական կորուստները՝ ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությունում` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Թրյուդոն հիշեցնում է, որ 2015-ին Համայնքների պալատը միաձայն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր անվանելու առաջարկությունը:
«Այդ օրը հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրին իրեն կյանքն ու տուժեցին ցեղասպանության ժամանակ: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում նրանց ու նրանց սերունդներին, որոնցից շատերն այժմ բնակվում են Կանադայում»,- նշել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ այդ օրը կանադացիները` անկախ դավանանքից կամ էթնիկ պատկանելությունից, միասին հաստատում են իրենց` ցանկացած տեսակի ատելության ու բռնության առջև անտարբեր չմնալու հակվածությունը: «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ինձ հետ միասին հույս ենք հայտնում, որ մեր ապագայում խաղաղություն ու փոխադաձ հարգանք կլինի»,- հայտարարել է Թրյուդոն: