Նորընտիր խորհրդարանում 31 մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքը կլինի ընդդիմադիր ուժ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, չհստակեցնելով՝ ով է լինելու ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածուն: «Հիմա տեսաք, որ ընդդիմություն ենք, ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, այլ մարդիկ պետք է կարողանան գործ կատարել, որ մարդկանց կյանքում բան փոխվի, ձեր ցավը տանեմ, ձեր բնավորությանը թարգ տվեք: Եղբայր ջան, եթե կոալիցիա չենք, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք արդեն»,- ասաց Ծառուկյանը: Նոր գումարման ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքի մանդատները 3-ով ավելի են նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ի ունեցածից։ «Մենք կանխատեսում էինք, որ շատ լավ արդյունքներ պետք է լինեն, բայց ես առանձնապես… իմ ժողովրդի ցավը տանեմ, և ձայն տվողներից եմ գոհ, և չտվողներից»,- շարունակեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը:
Նախընտրական շրջանում միլիոնատեր գործարարը իր հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլարի ներդրում էր խոստանում։ Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ այդ ներդրումները չեն լինի. «Բոլորն են ցանկանում, բայց, ասենք, ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 30 տոկոս, 29 տոկոս, դա կմա արդեն մյուս ընտրությանը»: