Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:
Հերմինե Նաղդալյանն իր ելույթում փաստել է, որ ցեղասպանություն իրականացրած պետությունների և վարչակազմերի անպատժելիությունը, միասնական միջազգային դատապարտմանն ու հետագա կանխարգելմանն ուղղված միջոցառումների բացակայությունը կամ անկարողությունը հանգեցրել է այն իրողությանը, որ մարդկությունը, ի թիվս այլ լուրջ մարտահրավերների, դեռևս բախվում է հնարավոր ցեղասպանությունների իրական սպառնալիքին: «Մենք՝ հայերս, ցեղասպանություն վերապրածներս, բարոյական պատասխանատվություն ենք կրում առավելագույնն անելու ցեղասպանության դեմ պայքարում: Տասնամյակների ընթացքում ցեղասպանությունների մասին խոսելիս մենք աղաղակում էինք՝ «Այլևս երբեք»: Մենք ասում էինք «Այլևս երբեք» 1994-ի Ռուանդայի ցեղասպանությունից հետո : Աշխարհն աղաղակում էր՝ «Այլևս երբե՜ք» 2014- ին, երբ ԴԱԻՇ-ը սկսեց կոտորել անմեղ եզդիներին: Հայերը «Այլևս երբե՜ք» էին աղաղակում 2015- ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն, այս հանցագործությունների կրկնությունը ողջ աշխարհում դեռ շարունակվում է»,- նշել է Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջնահերթ խնդիր լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահը հարկ է համարել հիշեցնել, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիան ընդունվել էր գրեթե 7 տասնամյակ առաջ, որը նշանակալից իրադարձություն էր: Բայց միայն բարի կամքը բավարար չէ, որ ցեղասպանություններ չլինեն: Կանխարգելման կայուն մեխանիզմներ են պահանջվում: Պատշաճ նախազգուշացումը, արձագանքը ցեղասպանածին միջավայրին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը խիստ էական դեր են խաղում ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում: «2015 թ. մարտին, Ժնևում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, որը նախաձեռնել էր Հայաստանը: Ավելի քան 70 պետություններ միացան Հայաստանին և համահեղինակեցին բանաձևը: Այս բանաձևի հիման վրա, 2015 թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»,- իր ելույթում փաստել է Հերմինե Նաղդալյանը՝ համոզմունք հայտնելով, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի արմատախիլ անել ցեղասպանության չարիքը: