Ապրիլի 24-ին Բրյուսելում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են եղել: Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողություն, որին ներկա էին բելգիահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դիվանագիտական առաքելությունները՝ ողջ կազմով: Միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի հրապարակ, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն: Արարողությանը ներկա էին նաև Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի՝ Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եղեղեցական առաջնորդներ:
ՀՀ դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված մեր միասնական ջանքերն իրենց մեծ նպաստն են բերում աշխարհում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին առավել մեծ նշանակություն է ստացել հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման ավանդական քաղաքական պայքարն այսօր զուգակցվում է իրավական և մշակութային ուղղությամբ աշխատանքով, վկայակոչելով հայ մեծ բարերար Քըրք Քրքորյանի հովանավորությամբ նկարահանված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության նոր ալիք բարձրացրեց: Երեկոյան Բրյուսելի «Հայ տանը» տեղի ունեցավ հիշատակի համերգ: