Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
26.04.2017 | 19:46

Ապրիլի 25-ին` ուշ երեկոյան, Չեխիայի Հանրապետության խորհրդարանից ստացվել է հաղորդագրություն, որ Պատգամավորների խորհուրդը, 104 կողմ, 0 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ թիվ 414 բանաձևը «դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխելու մարդու ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումներն աշխարհում և վեճերի հանգուցալուծումն իրականացնելու խաղաղ ճանապարհով»։


Բանաձևն ընդունվել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի նախաձեռնությամբ։ Կողմ քվեարկած պատգամավորները ներկայացնում են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բոլոր ութ խմբակցությունները։
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ Պատգամավորների պալատի ընդունած փաստաթուղթը ոչ թե օրենք է, այլ՝ բանաձև, հետևաբար, վերին պալատի` Սենատի կողմից վավերացվելու անհրաժեշտություն չունի։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է նաև, որ ավելի վաղ ստացվել է նախագահ Միլոշ Զեմանի` Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի միջոցով չեխահայերին ուղղված ցավակցական ուղերձը, որն առաջինն էր համայնքի պատմության մեջ. «Այսօր հիշում ենք 102 տարին այն օրից, երբ հայկական հողի վրա իրականացվեց հայ բնակչության զանգվածային կոտորած:

Ինչպես գիտեք, անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի՝ հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի և նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի որպես ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններն այն վատթարագույնն են վայրագություններից, որոնց մարդկությունն արդի ժամանակներում ականատես է եղել»։
«Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, և անցյալի ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, և պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- իր ուղերձում ընդգծել է Չեխիայի նախագահը:
«Հետևաբար, թույլ տվեք, Հայր Սուրբ, հայկական հողերում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունը հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլև ամբողջ հայ ժողովրդին»,- գրել է Միլոշ Զեմանը:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ