Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 10 օր առաջ ընտրարշավի առաջատարը` կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը, շարունակում է աջակցություն ստանալ քաղաքական դաշտի մյուս հատվածներից:
Երեկ Մակրոնին իր աջակցության մասին հայտնեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: «Մայիսի 7-ին ես քվեարկելու եմ Էմանուել Մակրոնի օգտին, քանի որ նրա մրցակիցն է Մարին լը Պենը: Իմ այս որոշումը, սակայն, չի նշանակում, որ ես աջակցություն են հայտնում Մակրոնի նախընտրական ծրագրի դրույթներին»,- սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ նշում է Նիկոլա Սարկոզին: Մակրոնի օգտին քվեարկելու պատրաստակամության մասին են հայտարարում պաշտոնից հեռացող սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակիցները: Սոցիալիստական կուսակցության ղեկավարներից մեկը` արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարել է. «Ֆրանսիան կփլուզվի, եթե Մարին լը Պենի քաղաքականությունը սկսի կյանքի կոչվել: Մարին լը Պենի օգտին քվեարկելը հակասում է երկրի շահերին: Կոչ եմ անում արգելափակել Լը Պենի ճանապարհը դեպի իշխանություն: Չմասնակցելով ընտրություններին` մենք նպաստում ենք Լը Պենի հաղթանակին»:
Քաղաքական դաշտի զգալի մասի աջակցությանն արժանացած Էմանուել Մակրոնի քարոզարշավը ևս վերջին օրերին հիմնականում կառուցված է Լը Պենի հայացքների քննադատության վրա: Երկուշաբթի երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը նշում էր. «Տիկին Լը Պենը մի այնպիսի քաղաքական նախագիծ է առաջարկում, որի հետևանքներն են լինելու մեկուսացումը, սահմանների փակումը, փոխադարձ ատելությունը, տնտեսական աղետն ու որպես հետևանք, աշխատավոր դասակարգի և միջին խավի դիրքերի թուլացումը»: