Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին, կառավարական հայտարարությամբ, կոչ է արել Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու բանակցությունների հետ չարդարացված հույսեր չփայփայել, փոխանցում է DW.com-ը:
«Գուցե նրանք կարծում են, որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Սակայն ես ստիպված եմ ընդգծել, քանզի տպավորություն ունեմ, որ Մեծ Բրիտանիայում որոշ մարդիկ այս հարցում դեռևս պատրանքներով են սնվում. դա ժամանակի անիմաստ վատնում է»,- հայտարարել է Մերկելը՝ շեշտելով, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո այլևս չի ունենալու այն իրավունքները, որոնք ունի այսօր: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Եվրամիության նկատմամբ Միացյալ Թագավորության ունեցած բազմաթիվ միլիարդների պարտավորությունների հարցը պետք է լուծվի բանակցությունների հենց սկզբում, այլ ոչ թե ամենավերջին փուլում, ինչպես ցանկանում են Լոնդոնում:
Բանակցությունները, որոնք լիարժեք թափով կարող են սկսվել Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններից հետո, նախատեսվում են հուլիսի սկզբներին:
«Եվրոպան պետք է լուծի երեք կարևոր խնդիրներ: Առաջին հերթին պետք է երաշխիքներ տրվեն ԵՄ-ի այլ երկրների տարածքում Բրիտանիայում բնակվող Գերմանիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում: Երկրորդ հերթին՝ Brexit-ը չպետք է վնասի Եվրամիությանը, և երրորդ հերթին անհրաժեշտ է ամրապնդել ԵՄ-ի անդամ մյուս 27 երկրների հարաբերությունները»,- հայտարարել է Անգելա Մերկելը: