Մոսկվայում ավարտվել է ռուսական կողմի նախաձեռնած՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններն անցել են եռակողմ ձևաչափով, այնուհետև նախարարներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի մայիսին և հունիսին կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»՝ նման հաղորդագրություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները։