Այսօր Բրյուսելում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցել են գործընկեր վեց պետությունների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
«Հանդիպման նպատակն էր անդրադարձ կատարել ԱլԳ ձևաչափի արդյունավետությանը և քննարկել հնարավոր կառուցվածքային փոփոխությունների առաջարկները՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովից առաջ։ ԱԳ փոխնախարարն իր ելույթում ներկայացրեց նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը և կարևորեց ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնությունների հաստատումը մոտ ապագայում։ Կարեն Նազարյանը խոսեց ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության և ոլորտային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ այն ԱլԳ անկյունաքարերից մեկն է։ Խոսելով գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին՝ Կարեն Նազարյանը կարևորեց ԵՄ երկրների հետ նախկինում ստանձնած համատեղ հանձնառությունների լիակատար իրականացումը, կենտրոնանալով վիզաների ազատականացման շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը, որի նպատակն է առավել մոտեցնել հանրություններին՝ փոխադարձ շփումների համար ստեղծելով ապահով և արդյունավետ միջավայր»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։