Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ պաշտոնական այցով ժամանած Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնին` ուղեկցությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի:
Ամենայն Հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և իշխանություններին, որ մեկ դար առաջ ապաստան են տվել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին և այսօր էլ սեր և հոգատար վերաբերմունք են դրսևորում հայ համայնքի նկատմամբ` հնարավորություն ընձեռելով ապրել ազգային-եկեղեցական լիարժեք կյանքով:
Նախարար Ֆարաոնն ուրախություն է հայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելելու առիթով` ընդգծելով, որ քաջ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, կրած տառապանքներին և Լիբանանի եղբայրների հետ կիսում է հայ ժողովրդի զգացումները: Նախարարը կարևորել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը տարբեր բնագավառներում: Նրա խոսքով` Լիբանանում քրիստոնյաները և մահմեդականներն ապրում են համերաշխ, և չնայած երբեմն զանազան մարտահրավերներ վտանգում են խաղաղ կյանքը, Լիբանանը կրոնական հանդուրժողականության, համերաշխության վրա հիմնված երկիր է:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքի ծանր իրավիճակին, տարբեր ժողովուրդների, հատկապես քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարություններին: Իր մտահոգությունն արտահայտելով` Վեհափառ Հայրապետը նշել է. «Մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը խաղաղություն բերի Մերձավոր Արևելքի երկրներին: Մեր աղոթքն ենք բերում նաև ձեզ, Լիբանանի աստվածասեր ժողովրդին` հայցելով Տիրոջ զորակցությունն ու առատ շնորհները»: