Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Միշել Պիեռ Ֆարաոնին

Սերժ Սարգսյանն ընդունել է Միշել Պիեռ Ֆարաոնին
29.04.2017 | 16:17

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին: Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Հայաստանի ու Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակալի իրադարձությունը նա ևս մեկ լավ առիթ է համարել արժևորելու և բարձր գնահատելու երկու երկրների ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների բարեկամական հարաբերությունները: Նախագահը ջերմությամբ է հիշել 2012 թ. նոյեմբերին իր պետական այցը բարեկամ Լիբանան և պետնախարարին խնդրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին փոխանցել ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնի այցը և հանդիպումներն ու քննարկումներն իրենց հերթին աշխուժություն կհաղորդեն հայ-լիբանանյան հարաբերություններին, որոնց շարունակական ամրապնդումը բխում է երկու ժողովուրդների շահերից: Հանդիպման ժամանակ նախագահը Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերի պետական նախարար Միշել Պիեռ Ֆարաոնին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:


Լիբանանի պետնախարարը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում ունեցած հանդիպումների ու քննարկումների մասին: Նա նշել է, որ այցի օրերին հնարավորություն է ունեցել ծանոթանալու Հայաստանի տնտեսական հնարավորություններին, ուսումնասիրելու ներդրումային միջավայրը, որից տպավորված է և կարծում է, որ բավականին լավ պայմաններ են ստեղծված ներդրումների ներգրավման համար: Զրուցակիցները կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը միջպետական կապերի և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից: Հանդիպմանը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, անդրադարձ է եղել բազմակողմ ձևաչափով հայ-լիբանանյան համագործակցությանը:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ