Լեհաստանի կառավարությունը քննադատել է «Առաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ ընտրություններում հաղթելու դեպքում՝ ԵՄ-ն տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Լեհաստանի դեմ:
«Մենք համաձայն չենք, որ Լեհաստանն այդ կերպ օգտագործվի ընտրարշավում»,- նշել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը: «Այդ խոսքերը ցույց են տալիս, որ ԵՄ-ում կենդանի են հովանավորական միտումները, որոնք բացասաբար են ազդում ազատ շուկայի զարգացման վրա և հակասում են ԵՄ-ի արժեքներին»,- նշել է նա:
Ապրիլի 27-ին ֆրանսիական La Voix du Nord թերթի ինտերնետ կայքին տված հարցազրույցում Մակրոնը պատասխանել է Ամիեն քաղաքում Միացյալ Նահանգների Whirpool ընկերության խոշոր գործարանի առաջիկա փակման վերաբերյալ հարցին, որի գործունեությունը կփոխադրվի Լեհաստան, որտեղ ավելի ցածր է աշխատավարձերի և հարկերի մակարդակը: Ապրիլի 26-ին թեկնածուն այցելել է այդ ձեռնարկություն և զրուցել բանվորների հետ: «Ինչ վերաբերում է Whirpool ընկերության տվյալ թեմային, խոստանում եմ, որ իշխանության գլուխ անցնելուց հետո առաջին երեք ամսում ես պատժամիջոցների կհասնեմ Լեհաստանի դեմ: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ տալիս այս խոստումը»,- ասել է թեկնածուն: