Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին չառաջադրվելու` Վլադիմիր Պուտինին հասցեագրված պահանջով: Ցույցերն անցնում են «Մենք նրանից հոգնել ենք» և «Բավական է» կարգախոսներով: Տասնյակ մարդիկ այս պաստառներով հավաքվել են Մոսկվայում նախագահի վարչակազմի շենքի, տարբեր քաղաքների տեղական խորհուրդների և գործադիր իշխանության գրասենյակների մոտ:
Մոսկվայի կենտրոնում նախագահի վարչակազմի շենքը պաշտպանում են հատուկ նշանակության ոստիկանության հարյուրավոր ծառայողներ: Բողոքի ակցիաները կազմակերպել է Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» շարժումը: Ռուսաստանի իշխանությունն այդ ակցիաները որակել է ապօրինի և զգուշացրել, որ իրավապահները կդիմեն համապատասխան միջոցների:
Սանկտ Պետերբուրգում արդեն մոտ երեք տասնյակ մարդ բերման է ենթարկվել, Կեմերովոյում ձերբակալվել է առնվազն 16 քաղաքացի, կան ձերբակալվածներ նաև Իժևսկում և Գորնո-Ալտայսկում:
Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, որից հետո վերընտրվել է, 2008-2012 եղել է վարչապետ, հիմա երրորդ անգամ է նախագահում: