Անտեսելով ԱՄՆ-ի նախազգուշացումները, Հյուսիսային Կորեան այսօր վաղ առավոտյան միջմայրացամաքային հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել: ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի մասնագետների փոխանցմամբ, այդ փորձարկումը ևս, ինչպես վերջին մի քանիսը՝ ձախողվել է:
Ստանալով Հյուսիսային Կորեայի հրթիռի փորձարկման մասին լուրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ում գրել է. «Փհենյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորում Չինաստանի և նրա հարգելի նախագահի նկատմամբ»: Պեկինը Փհենյանին կոչ էր արել՝ զերծ մնալ միջուկային զենքի կամ հրթիռների փորձարկումներից, սպառնալով, հակառակ դեպքում, պատժամիջոցներ սահմանել: Պեկինն այսօր հյուսիսկորեական խնդրի համատեքստում նաև ԱՄՆ-ին է զսպվածության կոչ արել:
Այսօրվա փորձարկումից ժամեր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ-ում հայտարարել է. «Հարավային Կորեայի կամ Ճապոնիայի մայրաքաղաքներ Սեուլը և Տոկիոն միջուկային հարվածների ենթարկելու՝ Հյուսիսային Կորեայի սպառնալիքները շատ իրական են, և դրանց չհակազդելու դեպքում հնարավոր են աղետալի հետևանքներ»: