ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բացառել է դաշինքի մասնակցությունը Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության լուծմանը։
«Անցած շաբաթ ես բազմաթիվ ժամեր եմ անցկացրել Սպիտակ տանը ու կարող եմ երաշխավորել, որ Հյուսիսային Կորեայի հարցում ՆԱՏՕ-ի դերի մասին բանավեճեր չեն եղել»,- ասել է գլխավոր քարտուղարը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։ Ստոլտենբերգը ասել է, որ դաշինքը քննարկում է «ՄԱԿ-ի բանաձևերի անթույլատրելի ու մշտական խախտումները Փհենյանի կողմից»։
Հյուսիսային Կորեան նախօրեին բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել՝ Փհյոնան- Նամդո նահանգի Պուկչհան շրջանից հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Ամերիկացի ու ճապոնացի զինվորականները համարում են, որ բալիստիկ հրթիռը ընկել է հյուսիսկորեական տարածքում՝ արձակման վայրից 50 կմ-ի սահմանում։ Հրթիռի տեսակը դեռ հայտնի չէ։ Փորձագետների կարծիքով՝ կարող էր լինել Scud ER, այսինքն` գործողության մոտ շառավղի հրթիռ՝ թռիչքի ավելացված հեռահարությամբ, կամ էլ գործողության միջին շառավղի KN-17 հրթիռ։