Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին

Սերժ Սարգսյանն ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին
30.04.2017 | 02:16

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, որ Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կազմակերպած «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»:

Նախագահը դրվատանքի արժանի է համարել Նորին Արքայական Մեծության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված առողջապահության բնագավառի կարևոր և արդիական այդ միջոցառմանը։ Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները քաղցկեղի վերաբերյալ կարծրատիպերը ջարդելու լավագույն ձևերից են, և մեծ նշանակություն ունեն այդ ծանր հիվանդությունը վերապրած անհատների ցայտուն օրինակները:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արքայադուստր Դինա Միրեդը անձնական փորձով և ի պաշտոնե՝ որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, կարևոր դերակատարություն կունենա քաղցկեղի կանխարգելման և ուռուցքաբանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցության հաստատման ու զարգացման գործում: Նախագահը ջերմությամբ է հիշել 2014-ին Հորդանան իր պաշտոնական այցը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Հորդանանի հետ ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները:


Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ անչափ ուրախ է գտնվել հիասքանչ Հայաստանում, որի մասին շատ է լսել իր երկրում, որտեղ հայկական մեծ և հասարակության կողմից հարգանք ու վստահություն վայելող համայնք կա: Որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ՝ Դինա Միրեդը ներկայացրել է Հայաստան իր այցի հիմնական նպատակը, խոսել իր գլխավորած կազմակերպության գործունեության ու ծրագրերի մասին և նախագահի հետ քննարկել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի գործում հաջողության հասնելու հնարավորություններն ու ուղիները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ազգային ծրագրի մշակումը, որի իրագործմանը, արքայադուստր Միրեդի հավաստմամբ, Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ պատրաստ կլինեն աջակցել: Հորդանանի արքայադուստրը ընդգծել է նաև քաղցկեղածին ազդեցություն ունեցող երևույթներից մեկի՝ ծխելու դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ողջունելով վերջին տարիներին Հայաստանում իրականացվող աշխատանքը և խնդրել է հետևողականորեն շարունակել պայքարը առողջության համար չափազանց վտանգավոր այդ երևույթի դեմ:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ