Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի բյուջետային հատվածում ընդգրկված աշխատողների (զինծառայողներ, իրավապահներ, բժիշկներ, ուոսուցիչներ և այլն) աշխատավարձերը 60 տոկոսով բարձրացնելու մտադրության մասին: Վերջին շաբաթներին նավթով հարուստ, սակայն առավելապես աղքատ բնակչությամբ այս երկրում հակակառավարական զանգվածային ցույցեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, որոնց զոհ են գնացել տասնյակ մարդիկ: Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը, պնդելով, որ կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն:
Վենեսուելայում եռանիշ սղաճի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պայմաններում առանց այդ էլ վատ ապրող մարդկանց համար երկրի գերագույն դատարանի վերջին որոշումը դարձավ դժգոհ զանգվածին փողոց դուրս բերելու հիմնական պատճառը: Դատարանը, օրենսդրական լիազորություններով օժտելով նախագահ Մադուրոյին, նրան հնարավորություն տվեց իր որոշումներում շրջանցել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը: