Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ տիար Պերճ Սեդրակյանին։ Հանդիպմանը Վեհափառ հայրապետը և ՀԲԸՄ նախագահը գոհունակությամբ անդրադարձել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ արդյունաշատ համագործակցությանը և, քննարկելով համատեղ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի ընթացքը, նախանշել են ապագա անելիքները։ Նորին Սրբությունը և տիար Պերճ Սեդրակյանը կարևորել են երիտասարդների հայեցի ու քրիստոնեական դաստիարակությանը, հոգևորականների նոր սերնդի կրթությանն ուղղված ծրագրերը։
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ հայրապետին ներկայացրել է միության կողմից Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում ու Սփյուռքի տարբեր համայնքներում կատարվող աշխատանքները։ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է փոխանցել ՀԲԸ միությանը նրա ազգօգուտ և հայրենանվեր գործունեության և Հայոց Եկեղեցու առաքելությանը ցուցաբերվող զորակցության համար։
Զրույցի ընթացքում խոր մտահոգություն է հայտնվել Մերձավոր Արևելքի երկրներում տիրող իրավիճակի հետևանքով հայկական համայնքների արտագաղթի առնչությամբ, հատկապես խոսվեց Սիրիայի հայ համայնքին և Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակության և այս ուղղությամբ ծրագրվող հետագա քայլերի մասին։ Այս կապակցությամբ ընդգծվել է, որ սիրիահայությանը ցույց տրվող զորակցությունը շարունակական է լինելու, նաև կարևորվել է պետական, հասարակական և ազգային բարեսիրական բոլոր կառույցների ուժերի մեկտեղումն ու համակարգված աշխատանքը։
Գարեգին Բ հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը անդրադարձել են նաև ազգային-եկեղեցական կյանքին և հայապահպանությանն առնչվող այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Պերճ Սեդրակյանը Մայր Տաճարում ներկա գտնվեց Սուրբ և Անմահ Պատարագին։