ՀՀ և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն ուղերձներ են փոխանակել:
Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարում Հայաստանը և ԱՄՆ-ը ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել: Նա ընդգծում է, որ ԱՄՆ-ը առաջին պետությունն էր, որ իր դեսպանությունը հիմնեց Երևանում և կանգնեց նորանկախ պետության կողքին, լայն աջակցության ծրագրերի միջոցով, որոնք հատկապես կենսական էին պետության կայացման առաջին տարիներին:
Նախարարի գնահատականով՝ հայ-ամերիկյան բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը վերընթաց զարգացում է ապրում: Երկու երկրները սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում՝ իրենց ներդրումը բերելով միջազգային ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին: ՀՀ ԱԳ նախարարը համոզված է, որ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովն ու Առևտրի և ներդրումների խորհուրդը տնտեսական համագործակցությունը առաջ մղելու արդյունավետ ձևաչափեր են: Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ զարգացման և ներդրումային ծրագրերին՝ նախարար Նալբանդյանը նշում է, որ դրանք երկկողմ համագործակցության կարևոր մաս են, որը մենք նպատակադրված ենք առավել ընդլայնել: ՈՒղերձում Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, որ երկու երկրների հասարակությունների շփումները խորանում են: Նախարարի խոսքերով, ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և շատ այլ ոլորտներում: Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և վերահաստատում է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Էդվարդ Նալբանդյանը շեշտում է ԱՄՆ հայ համայնքի շոշափելի ներդրումը երկու պետությունների միջև հարաբերություններում` համոզմունք հայտնելով, որ կշարունակի հայ-ամերիկյան գործընկերության կարևոր կամուրջ հանդիսանալ:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր ուղերձում բարձր է գնահատում նախորդ քառորդ դարում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ծավալված գործընկերությունը: ԱՄՆ պետքարտուղարը շեշտում է, որ ԱՄՆ-ը հպարտ է Հայաստանի անկախությունից ի վեր միասին գրանցած ձեռքբերումներով: Պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ ամերիկահայությունը անգնահատելի ներդրում է կատարում Հայաստանի և ԱՄՆ-ի զարգացման գործում: Ռեքս Թիլերսոնն ընդգծում է, որ ԱՄՆ-ը կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն և տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: Անդրադառնալով ԱՄՆ և Հայաստանի միջև աճող տնտեսական համագործակցությանը՝ պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ հատկապես խոստումնալից են վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, և լավատեսություն է հայտնում երկու երկրների փոխշահավետ առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ: Պետքարտուղարը շեշտում է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը շարունակում է վճռական հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: