Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրությունների եզրափակիչ հեռուստաբանավեճն է

Այսօր Ֆրանսիայում նախագահական ընտրությունների եզրափակիչ հեռուստաբանավեճն է
04.05.2017 | 02:03

Ֆրանսիական լրատվամիջոցների պնդմամբ, կիրակնօրյա քվեարկությունից առաջ սա թեկնածուների համար քարոզարշավում կտրուկ շրջադարձ ապահովելու վերջին հնարավորությունն է: Այսօր երեկոյան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուները` կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և ազգայնական Մարին լը Պենը վերջին անգամ կհանդիպեն TF1 և France 2 հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Նրանց բանավեճը կտևի երկու ժամ: Ֆրանսիական լրատվամիջոցների պնդմամբ, կիրակնօրյա քվեարկությունից առաջ սա թեկնածուների համար քարոզարշավում կտրուկ շրջադարձ ապահովելու վերջին հնարավորությունն է լինելու: Խոսքը Մարին լը Պենի մասին է, ում վարկանիշը, սոցիոլոգիական հարցումների համաձայն, մոտ 20 տոկոսով ցածր է Մակրոնի վարկանիշից: Չնայած անխուսափելի թվացող պարտությանը, Լը Պենը բավական դինամիկ քարոզարշավ է վարում` պնդելով, որ Ֆրանսիան հենց իր նման նախագահի կարիքն ունի: Լը Պենը Reuters-ին տված հարցազրույցում ասել է.


«Կարծում եմ, որ ես Ռուսաստանի նախագահ Պուտինի, ԱՄՆ-ի նախագահ Թրամփի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մեյի կամ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ բանակցություններում ամենահարմար զրուցակիցը կլինեմ: Այդ բոլոր երկրներն այս կամ այն կերպ սկսել են հրաժարվել ազատ առևտրի, ազատ մրցակցության, սոցիալական պաշտպանության անտեսման գաղափարներից: Իմ մոտեցումները շատ ավելի համահունչ են վերը հիշատակված գործիչների գաղափարներին, քան Անգելա Մերկելի քաղաքական փիլիսոփայությանը»,- պնդել է Լը Պենը:
Կենտրոնամետ Էմանուել Մակրոնը, որ երկրորդ փուլի ակտիվ քարոզարշավը, ի տարբերություն իր մրցակցի, փոքր-ինչ ուշացումով սկսեց, այժմ փորձում է նախահարձակ լինել՝ ֆրանսիացիներին զգուշացնելով Լը Պենի հնարավոր հաղթանակի բոլոր վտանգների մասին: «Ես պարտավոր եմ մի այնպիսի նախագիծ ներկայացնել ընտրողներին, որը կհակադրվի «Ազգային ճակատի» ծրագրերին: Իմ պարտականությունն է՝ ցույց տալ մարդկանց, որ գոյություն ունի նաև Ֆրանսիայի հաջողությունը ենթադրող մի ծրագիր: «Ազգային ճակատի» գաղափարների հիմքում պարտության, Եվրոպայում և աշխարհում Ֆրանսիայի շարունակական անհաջողությունների գաղափարն է: Այդ պատճառով՝ Լը Պենն առաջարկում է մեզ լքել Եվրամիությունը, փակել սահմաններն ու ինքնապաշտպանվել: Այս բոլոր գաղափարները, սակայն, որևէ քննադատության չեն դիմանում»,- BFM TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մակրոնը:


Մայիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ առավել որոշիչ է, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն երկրորդ փուլ չանցած թեկնածուների, նախ և առաջ՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի և ծայրահեղ ձախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնի ընտրողները, որոնք միասին կազմում են ֆրանսիական ընտրազանգվածի գրեթե 40 տոկոսը: Եթե Ֆիյոնն առաջին փուլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո իր ընտրողներին կոչ արեց քվեարկել Մակրոնի օգտին, Մելանշոնը խուսափեց նման քայլից: Որպես հետևանք՝ ձախ ընտրազանգվածի մի զգալի հատվածն առաջիկա կիրակի կարող է ընդհանրապես բոյկոտել քվեարկությունը: Մելանշոնի կողմնակից Իզաբել Պենյոն օրինակ նշում է. «Բազմաթիվ կուսակցություններ արդեն իսկ կոչ են արել՝ քվեարկել Լը Պենի դեմ, ուստի, կարծում եմ՝ այդ քվեները բավարար կլինեն երկրորդ փուլում նրա հաղթանակը կանխելու համար: Չեմ կարծում, որ իմ ընտրատեղամաս չգնալը կարող է մեծացնել Լը Պենի հաղթանակի շանսերը: Ամեն դեպքում, ես միանշանակորեն վստահ եմ` թե Մակրոնի, և թե Լը Պենի հաղթանակի դեպքում ես կրկին մասնակցելու եմ տարատեսակ փողոցային ակցիաների` բողոքելով նրանց նախաձեռնությամբ ընդունվող օրենքների դեմ»: Դեռևս չկողմնորոշված ընտրողները քվեարկությունից ընդամենը 4 օր առաջ խոստովանում են` 2017-ի ընտրությունները, անորոշության առումով, զգալիորեն տարբերվում են նախորդ բոլոր ընտրարշավներից: «Ես երբեք նման կատարյալ շփոթվածություն չեմ տեսել: Ես, օրինակ, որոշելու եմ, թե ում եմ ընտրելու միայն այն պահին, երբ կմտնեմ քվեախցիկ»,- ասել է Փարիզի բնակիչներից մեկը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ