«Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանը թույլ չի տալու, որ իր կամքին հակառակ իրեն զրկեն ժողովրդի քվեով ստացած մանդատից: Նա օրենքով սահմանված կարգով կպայքարի իր մանդատի համար, սակայն չի լքի Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որտեղ էլ իր կամքին հակառակ որոշել էին, որ մանդատին արժանի չէ. «Խոսել եմ Տիգրան Մուկուչյանի հետ և ասել, որ ես ոչ մի ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել ու ասել, որ ես իրականում չէի կարող ապրիլի 2-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնել, որովհետև ես առողջական խնդիրներ ունեի և պառկած էի: Մուկուչյանն ասեց, որ ովքեր ինքնաբացարկի դիմում են գրել, օրենքով սահմանված կարգով դիմում գրենք ու կվերանայեն: Իհարկե, այսօր ես դիմում եմ գրելու, որ ստանամ մանդատս»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը: Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ծառուկյանի կամքին հակառակ մանդատ ստանալու պայքարը, Նապոլեոն Ազիզյանին չի հուզում: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Գագիկ Ծառուկյանը հաշվեհարդար կտեսնի իր հետ, նա պատասխանեց. «Նման բան չեմ լսել, բայց եթե կուզենա հաշվեհարդար տեսնի, թող տեսնի, ոնց եք մտածում, ես ինչ ասեմ իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, ամբողջ աշխարհը ինձ շնորհավորել ա, ինչ անեմ, պիտի թողնեմ հեռանամ էս քաղաքից»,- նեղսրտեց Ծառուկյանի գաղափարակիցը:
Նապոլեոն Ազիզյանը դժվարացավ գնահատական տալ այն ամենին, ինչ կատարվում է հարազատ կուսակցութունում, նշեց, որ մտադրություն չունի լքել կուսակցությունը, քանի որ խառնվածքով տարբերվում է, շարունակելու է աջակցել Գագիկ Ծառուկյանին, որն իրեն չէր վստահում մանդատը: «Ես մի քիչ խառնվածքով ուրիշ եմ…. իհարկե, ես կմնամ ԲՀԿ-ում և լուրջ կզբաղվեմ էդ ծրագրերի իրականացմամբ և անձամբ պարոն Ծառուկյանի հանձնարարությունները կկատարեմ»,-խոստացավ պատգամավորը:
Նապոլեոն Ազիզյանն առաջադրվել էր Կենտրոն-Էրեբունի-Նորք -Մարաշ ընտրական տարածքում և նույն դաշինքից առաջադրված 12 թեկնածուից ամենաշատ ձայնը ինքն էր ստացել՝ 4332 քվե: Եթե նա վերցնի մանդատը, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մանդատ կստանա ոչ թե թիվ 1 ընտրական տարածքից, այլ «Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակից (նա 15-րդ հորիզոնականում է): Այդ դեպքում մանդատից կզրկվի Լարիսա Մադոյանը:
Ընտրություններից անմիջապես հետո տեղեկություններ հրապարակվեցին, որ Գագիկ Ծառուկյանը պարտադրել է բոլոր թեկնածուներին ինքնաբացարկի դիմումներ գրել, հրաժարվել մանդատներից, որ Ծառուկյանն իր հայեցողությամբ, անկախ նրանց ստացած քվեներից, բաշխի պատգամավորի մանդատները:
Մամուլում հրապարակվեց Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկի դիմումը, որը վավերացրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը: Նապոլեոն Ազիզյանը հանդես եկավ հայտարարությամբ և պնդեց, որ ինքն անձամբ որևէ դիմում չի գրել և տեղյակ չէ իր անունից գրված դիմումից: Իսկ երեկ երբ պաշտոնապես ԿԸՀ-ն հրապարակեց ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուների ցանկը, հայտնի դարձավ, որ Ազիզյանը միակը չէ: Պարզվեց, որ Արագածոտնի մարզում իր ստացած քվեների քանակով (5675 ) առաջին տեղը զբաղեցրած Խաչիկ Մանուկյանը նույնպես ԿԸՀ-ի հրապարակումից հետո է իմացել, որ ինքը հրաժարվել է իր մանդատից: Նոր Նորքում առաջին տեղը զբաղեցրած Արթուր Մամոյանին ևս պարտադրվել է հրաժարվել մանդատից, նա համաձայնել է: