Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ նախագահի երկու թեկնածուներ Էմանուել Մակրոնն ու Մարին լը Պենը թեժ բանավեճ են ունեցել՝ տնտեսական և անվտանգության հարցերը քննարկելիս:
Լը Պենը մեղադրել է Մակրոնին անվտանգության հարցում ծրագիր չունենալու մեջ և ենթադրել, թե նա կապեր ունի մահմեդական ծայրահեղականների հետ: Մակրոնն ասել է, թե իր մրցակիցը ստում է և ավելացրել, որ Լը Պենի քաղաքականությունը քաղաքացիական պատերազմի պատճառ կդառնա, որի մասին երազում են մահմեդական ծայրահեղականները:
Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական դեբատներում հաղթանակը շնորհել են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին՝ ըստ BFMTV հեռուստաալիքի պատվերով Elabe հետազոտական ինստիտուտի հարցման տվյալների: Ընտրությունների երկրորդ փուլից առաջ Մակրոնին նախապատվություն է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, Լը Պենին՝ 34։ 3 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Մակրոնը հաղթել է նաև Figaro թերթի կայքի հարցման արդյունքներով՝ 64 տոկոս ընդդեմ 36-ի։
Ընտրությունների երկրորդ փուլը մայիսի 7-ին է։