ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015-ի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
Զինված խմբի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը:
Ըստ աղբյուրի` հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանը նշված ենթախմբի անդամներին տրամադրել է հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի մարտական ակոսափող երկու ինքնաձիգ՝ 120 մարտական փամփուշտներով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբի անդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելով գրոհի Ժիրայր Սէֆիլյանի հրահանգին:
2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հրաժարվել են զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զինված հարձակմանը մասնակցելուց, 2016 -ի մայիսի 20-ին իրավապահ մարմինները հայտնաբերել են կազմակերպված խմբի անդամներին հատկացված հրազենն ու ռազմամթերքը, և Ժիրայր Սէֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով շենքերի, շինությունների զավթումն ավարտին չի հասցվել: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ 2015-ի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ 2014-ի մայիսից Ժիրայր Սէֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, նախապատրաստել զանգվածային անկարգությունների, ձեռք են բերել և իրենց բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում պահել են մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ: Նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են ռաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է կազմված մեղադրական եզրակացությունը, քրեական գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: