Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհել է գազալցակայանների ծառայությունների որակից։ «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար:
Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով: Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ»՝ ասել է վարչապետը։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին 1-ամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ խնդիրների լուծման վերաբերյալ։