Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկու նախընտրական հանդիպում անցկացրեց Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում: Երկու հավաքների ընթացքում էլ Տարոն Մարգարյանն անդրադարձավ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների կողմից ամենաշատ քննադատված ոլորտին՝ տրանսպորտին:
«Մեր ընդդիմախոսները մոռացել են 4 տարի առաջ ոնց էր Երևան քաղաքը, և այսօր ոնց է: Մենք չենք ասում, որ խնդիրներ չունենք: Այո, ունենք քաղաքային տրանսպորտի խնդիր և այս տարիների ընթացքում մենք փորձեցինք խնդիրը մասամբ լուծել, բայց մեզ չհաջողվեց: Բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած նստել՝ սպասում էինք»,- հայտարարեց քաղաքապետը:
«Ոչ: Մենք այս տարիների ընթացքում փորձ ձեռք բերեցինք: Փորձ, որը միջազգային փորձ էր, այն զարգացած քաղաքների փորձը, որտեղ քաղաքային տրանսպորտը նորմալ սպասարկում է իրենց բնակչությանը: Եվ վստահաբար ձեզ ասում եմ, որ մենք այս տարիների ընթացքում և շատ կարճ ժամանակահատվածում մեր Երևանի քաղաքային տրանսպորտը ամբողջությամբ ապահովելու ենք»,- խոստացավ Տարոն Մարգարյանը: